Նախորդ հասարակարգում, պետական կարևոր տոներին, պետական կառույցները ամենայն լրջությամբ էին նախապատրաստվում, առավել ևս, երբ տոնը կապված էր լինում Հոկտեմբերյան մեծ հեղափոխության հետ։ Պետականորեն բավական մեծ միջոցներ էին հատկացվում պետական մեծ նշանակության այդ տոնակատարությունները հավուր պատշածի դիմավորելու համար։ Առաջնահերթության մեջ մտնում էին մեծ առաջնորդին վերաբերող նախապարաստությունները, այն է՝ մեծ առաջնորդի նախկին դիմանկարների վնասվածքների, թերությունների վերացումը, անհրաժեշտության դեպքում՝ նոր դիմանկարների ստեղծումը, պետությանը և պարտիային վերաբերող նոր լոզունգներով պաստառների պատրաստումը, դրանցով հասարակական և պետական հիմնարկների ձևավորումը և իհարկե՝ մեծ շքերթին մասնակցելը։
Ես այս փոքր նախաբանը գրեցի միայն նրանց համար, ովքեր այդ հասարակարգի ծնունդ չեն և չեն ապրել այդ ժամանակներում։
Ի գիտություն նրանց՝ նման պետական մեծ նշանակության միջոցառումներին պարտադիր իրենց մասնակցությունը և ներդրումն էին ունենում համարյա բոլոր պետական կառույցների աշխատողները, ինչպես նաև դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ ու դասախոսներ։ Իսկ եթե կուսակցական ես ու պաշտոնյա, ապա վերնախավի աչքին լավ երևալու համար պարտավոր ես նաև ինքնուրույն նախաձեռնությամբ էլ հանդես գալ։ Այդ միջոցառումների մասնակցությունը, որպես օրենք, կատարվում էր հասարակական հիմունքներով, և միայն բացառիկ դեպքերում՝ փոքր պարգևավճարներով։ Եվ ահա, ուսանողական տարիներիս, մեծ հեղափոխության հերթական տարեդարձին ընդառաջ, գեղանկարչության ամբիոնի վարիչ Ռոմանոս Սարգսյանը միջանցքում պատահական հանդիպելուց դարձավ ինձ, թե.
-Արի վաղը գնանք Կենտկոմ, մի փոքր ռեստավրացիայի գործ կա ու մի քանի լոզունգ-մոզունգ, նկարենք, գրենք։ Ռեստավրացիան ես կանեմ, լոզունգներն էլ դու կգրես, արագ կանենք կվերջացնենք։
Մենք իրար հետ հաճախակի էինք նման միջոցառումներին մեր մասնակցությունը բերում։
Հաջորդ օրը գնացինք։ Կենտկոմի մուտքի մոտ մեզ դիմավորողներ կային, դիմավորեցին և ուղեկցեցին կարծեմ կենտկոմի պրոպագանդայի բաժնի վարիչի սենյակ։ Մեզ ամեն մեկիս առանձին սենյակ հատկացրեցին, որտեղ մենք պետք է աշխատեինք։ Առաջին օրը ամբիոնի վարիչը չգիտեմ որ մի կարկառուն առաջնորդի քիթն ու մռութն էր ռեստավրացիա անում, իսկ ինձ բերել էին մի քանի պատից կախվող պատվո տախտակներ, որոնց վրա պետք է մուրճ ու մանգաղներ նկարեի ու մեծ առաջնորդի ասույթներից գրեի։ Անձը, որ կցված էր ինձ, որ ամենայն հավանակությամբ իշխանական իրավունքներ ուներ իրեն վերապահած, կամ ինձ իրեն այդպես էր ներկայացնում, ինձ մոտ բերված պատվո տախտակների վերաբերյալ զգուշացրեց.
-Այստեղ, այստեղ ու այստեղ, - մատը դնում էր ցույց տված տեղը ու մատիտով պտիչկա դնում, - մուրճն ու մանգաղներ կնկարես, կարմիր գույնով, մնացածը քո ճաշակով,- ասաց ու դուրս եկավ սենյակից։
Անցա գործի։ Դե, ինչպես հասկացա, այս կենտկոմականը մուրճ ու մանգաղի պատկերով ու լենինյան գաղափարախոսությամբ ձևավորված աշխարհայացքով մեկն էր։ Աշխատանքի ժամանակ երբեմն-երբեմն այդ մուրճ ու մանգաղային միջավայրը մշակութային միջավայրի վերածելու համար, համաշխարհային երաժշտության ծանոթ մեղեդիներ կամ հանրահայտ օպերաների արիաներ էի սուլում։ Երբեմն-երբեմն իմ աշխատանքային սենյակ էին մտնում իրենց հետաքրքրությունը բավարարելու ցանկությամբ մարդիկ կամ էլ այս կամ այն հարցերով Կենտկոմ եկածներ, որոնք պարզապես դռները շփոթելու արդյունքում էին ներս մտնում իմ սենյակ և ներողություն խնդրելով դուրս էին գնում։ ՈՒստի և ես շատ շուտով դադարեցի ուշադրություն դարձնել այդ «հետաքրքրասերների» վրա և գլուխս կախ իմ գործն էի անում։
Հաջորդ օրը ինձ կցված կենտկոմականը ներս մտավ, թե.
-Կարեն Սերոբիչի սենյակում մի փոքր բան կա անելու, գնանք ցույց տամ։
Գնացինք։ Քանի դեռ միջանցքով քայլում էինք դեպի Կենտկոմի առաջին քարտուղարի աշխատանսենյակի կողմը, էս կենտկոմականն առաջս ընկած այնպես էր ձեռքերը թափահարելով քայլում, ինչպես զինվորական հանդիսավոր շքերթի ժամանակ։ Ներս մտանք ընդունարան, և սա ընդունարանի բարետես, երիտասարդ տիկնոջը ասաց մեր մտադրության մասին և ներս մտնելու թույլտրություն խնդրեց։ Այս բարետես տիկինը, ներս մտնելուց առաջ նախ հերթականությամբ ձեռքերը սահեցրեց գլխի մազերի վրայով, ապա երկու ձեռքերով կրծքերը թեթևակի վերև քաշեց, մեջքը ուղղեց, ապա կամաց, զգուշությամբ դուռը բացեց ու ներս սահեց։ Վարկյաններ անց մեզ ներս հրավիրեց։ Կարեն Սերոբիչը գլխահակ իր աշխատանքին էր, բարևիս պատասխանելու պահին գլուխը բարձրացրեց, նայեց իմ կողմը և գլխի շարժումով պատասխանեց.
-Բարև, երիտասարդ,- ու մոտեցավ մեզ։ Երբ բացատրեց վերջացրեց, թե ինչ պետք է անեմ, դարձավ դեպի ինձ ու ասաց,- ի դեպ, տղա ջան, Վերդիի «Նաբուկո» օպերայի գերիների մարշը սխալ էիր սուլում, երաժշտությունը աղավաղում էիր տեղ-տեղ,- ու սկսեց ինքը ճիշտ տարբերակով սուլել։ Երբ բավականաչափ սուլեց, որ ինձ համար հասկանելի լինի, թե որտեղ եմ աղավաղել, դարձավ հաջորդ դիտողությանը։
- Իսկ, Ռավելի «Բոլերոն» էլ սխալ շեշտադրումներով ես սուլում։
Ցուցամատը քթիս տակ վեր ու վար անելով սկսեց երևի ճիշտ շեշտադրումներով սուլել։ Այդպես էլ սուլելով շրջվեց ու գնաց դեպի իր աշխատանքային սեղանը։ Աթոռի մոտ կանգնած, նա դեռ ցուցամատը վեր ու վար անելով ևս մի որոշ ժամանակ շարունակեց սուլել, ապա ժպտալով ավարտեց համերգը։ Ես էլ ծափահարեցի իր երաժշտական ունակություններն ինձ ցուցադրելու համար, ու մենք բաժանվեցինք։ Երբ սենյակից դուրս եկանք, ինձ ուղեկցողը, ծամածռված քմծիծաղը շրթունքների անկյունում սառած, շեղակի նայեց ինձ, ապա իր մանգաղաձև կորացած մարմնով շրջվեց ու հեռացավ։
Թեմիկ ԽԱԼԱՓՅԱՆ